ԳՈՎՔ ՈՒ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ (#4664)

Ամեն գովք, ո՜վ իմ Աստված, Քեզ թող լինի, Ով ամեն տեսակի փառքի և մեծության, ուժի և պատվի, տիրապետության և իշխանության, վեհության և վերին օգնության, պատկառանքի և զորավորության Աղբյուր է: Ում ցանկանում ես, Դու մոտեցնում ես Մեծագույն Օվկիանոսին և ում ցանկանում ես` պատիվ ես անում իմանալ Քո Հնագույն Անունը: Նրանցից, ովքեր երկնքներում ու երկրում են, ոչ ոք չի կարող դիմադրել Քո տիրակալ Կամքի կատարմանը: Մշտնջենական ժամանակներից կառավարում ես Դու ամբողջ արարվածը և հավիտյանս հավիտենից Դու կտիրես բոլոր արարվածներին: Չկա այլ Աստված Քեզանից բացի` Ամենազորավոր, Ամենավեհ, Ամենակարող, Ամենաիմաստուն:
	Լուսավորիր Քո ծառաների դեմքերը, ո՜վ Տեր, որպեսզի նրանք կարողանան Քեզ տեսնել, մաքրիր նրանց սրտերը, որպեսզի նրանք կարողանան դիմել Քո երկնային բարեհաճության արքունիքը և ճանաչեն Նրան, Ով Քո Արտահայտումն է և Քո Էության Արշալույսը: Հիրավի, Դու բոլոր աշխարհների Տերն ես: Չկա Աստված Քեզանից բացի` Անսահման, Ամենանվաճող:

-Bahá'u'lláh
-----------------------

ԳՈՎՔ ՈՒ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ (#4665)

Փառապանծ ես Դու, ո՜վ Տեր իմ Աստված: Գովաբանում եմ Քեզ, քանզի Դու ինձ արժանացրիր ընդունել Քո Հայտնությունը և հեռացրիր ինձ Քո թշնամիներից և իմ աչքերի առջև բացահայտեցիր նրանց զանցանքները և չարագործությունները Քո օրերում և ազատեցիր ինձ նրանց հանդեպ ամեն տեսակի կապվածությունից և թույլ տվեցիր ինձ ամբողջությամբ դիմել Քո վերին օգնությանն ու Քո առատ ողորմածություններին: Եվ նորից երախտապարտ եմ Քեզ, քանզի Դու Քո կամքի ամպերից ի վերուստ առաքեցիր ինձ այն, ինչն այդպես մաքրեց ինձ ուրացողների դրդումներից ու անհավատների սադրանքներից, որ ես ամբողջ սրտով սլացա դեպի Քեզ և փախչեցի նրանցից, ովքեր մերժում են Քո դեմքի լույսը: Եվ նաև այն բանի համար եմ Քեզ երախտապարտ, որ Դու ինձ ուժ տվեցիր լինել կայուն Քո հանդեպ սիրո մեջ և Քեզ գովք բարձրացնել և գովերգել Քո առաքինությունները և թույլ տվեցիր ըմպել Քո ողորմածության գավաթից` գերազանցող ամեն տեսանելին ու աներևույթը:
	Դու Ամենազոր ես, Ամենավեհ, Ամենափառապանծ, Ամենասիրող:

-Bahá'u'lláh
-----------------------

ԳՈՎՔ ՈՒ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ (#4666)

Փառապանծ ես Դու, ո՜վ Տեր իմ Աստված: Դու, հիրավի, արքաների Արքան ես: Դու իշխանություն ես ընծայում նրան, ում ցանկանում ես և զրկում դրանից, ում ցանկանաս: Դու բարձրացնում ես, ում ցանկանում ես և նվաստացնում` ում ցանկանաս: Դու հաղթանակ ես ընծայում, ում ցանկանում ես և անարգանքի բերում` ում ցանկանաս: Դու հարստություն ես ընծայում, ում ցանկանում ես և զրկանքի մեջ գցում` ում ցանկանաս: Քո ցանկությամբ իշխանություն ես ընծայում ոմանց` տիրապետելու մյուսներին: Դու Քո ձեռքում ես պահում ամբողջ տիեզերքը և Քո տիրապետական կամքի ուժով կյանքի ես կոչում, ում ցանկանաս: Հիրավի, Դու Ամենագետ ես, Ամենազոր, ուժի Տեր:

-The Báb
-----------------------

ԳՈՎՔ ՈՒ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ (#4667)

Ամեն վեհություն ու փառք, ո՜վ իմ Աստված, ամեն տիրապետություն, լույս, շքեղություն ու փայլ Քեզ հետ կմնան: Դու տիրապետություն ես ընծայում նրան, ում ցանկանաս և ումից ցանկանաս` կխլես այն: Չկա Աստված Քեզանից բացի` Ամենատիրակալ, Ամենավեհ: Դու Նա ես, Ով ոչնչից արարում է Տիեզերքը և ամեն գոյը դրանում: Չկա ոչինչ, որ Քեզ արժանի լինի, բացի Քեզանից. մյուս բոլորը, Քեզանից բացի, զուտ մերժվածներ են Քո սուրբ ներկայությամբ ու ողորմելիներ են Քո Էության փառքի առջև:
	Ես չեմ գովերգի Քո առաքինություններն այլ կերպ, քան դրանք արդեն գովերգված էին Քո կողմից Քո ծանրակշիռ Գրքում, որտեղ Դու ասում ես. «Նրան չեն ըմբռնում հայացքները, բայց Նա է ըմբռնում հայացքները: Նա Խորաթափանց է, Գիտուն»: Փառք Քեզ, ո՜վ իմ Աստված, քանզի հիրավի, ոչ մի խելք կամ հայացք, որքան էլ դրանք լինեն սուր կամ նրբազգաց, չեն ըմբռնի Քո նշաններից անգամ ամենաաննշանի բնույթը: Հիրավի, Դու ես Աստված ու չկա Աստված, Քեզանից բացի: Վկայում եմ, որ միայն Դու ես մարմնավորում Քո հատկանիշները, որ ոչ ոքի գովքը, բացի Քո գովքից, չի հասնի Քո սուրբ արքունիքը և որ Քո հատկանիշները ոչ ոք, Քեզանից բացի, չի ըմբռնի:
	Փա՜ռք Քեզ, Դու բարձրացված ես ամեն նկարագրությունից բարձր, բացի Քո Սեփական նկարագրությունից, քանզի Քո արժանիքները պատշաճ ձևով գովաբանելը կամ Քո Էության խորքային բնույթը ընդգրկելը մարդկային բանականության սահմաններից դուրս են: Քո փառքին վայել չէ, որ Քո ստեղծածները նկարագրեն Քեզ կամ Քեզ ըմբռնի որևէ մեկը, բացի Քեզանից: Ես Քեզ ճանաչեցի, ո՜վ իմ Աստված, որովհետև Դու ինձ պատմեցիր Քո մասին և, եթե Դու Քեզ չհայտնեիր ինձ, ես Քեզ չէի ըմբռնի: Ես Քեզ պաշտում եմ, քանզի Դու ինձ կանչեցիր Քո մոտ և, եթե չլիներ Քո կոչը, ես Քեզ չէի պաշտի: Գովաբանված ես Դու, ո՜վ իմ Աստված. ծանր են իմ զանցանքներն, ու մեծ են իմ մեղքերը: Որքա՜ն անարգալի կլինի իմ ճակատագիրը Քո սուրբ ներկայությամբ: Ես չկարողացա Քեզ ըմբռնել այն չափով, որով Դու Քեզ հայտնեցիր ինձ, ես Քեզ չկարողացա պաշտել Քո կոչին արժանի հավատարմությամբ, ես չկարողացա հնազանդվել Քեզ, քանզի ես չէի քայլում Քո սիրո ճանապարհով այնպես, ինչպես Դու էիր ինձ ոգևորում:
	Իմ վկան Քո հզորությունն է, ո՜վ իմ Աստված. ինչ վայել է Քեզ, անչափ վեհ ու բարձր է այն ամենից, ինչին ջանում է հասնել ամեն էակ: Հիրավի, ոչ ոք չի ըմբռնի Քեզ այնպես, որ այս ըմբռնումն արժանի լինի Քեզ, և ոչ մի ստորաքարշ էակ ի վիճակի չէ պաշտել Քեզ այնպես, ինչպես դա վայել է Քո մեծությանը: Այնքան կատարյալ ու ընդգրկուն է Քո ապացույցը, ո՜վ իմ Աստված, որ դրա խորին էությունը գերազանցում է որևէ հոգու պատկերացումը, և այնքան լիառատ են Քո ընծաների զեղումները, որ ոչ մի զգացմունք ընդունակ չէ ընդգրկել դրանց անթիվ քանակը:
	Ո՜վ իմ Աստված: Ո՜վ իմ Տիրակալ: Ես թախանձում եմ Քեզ Քո բազմազան առատություններով ու պատվարներով, որոնց վրա հիմնված է Քո փառքի գահը` բարեհաճել այս խոնարհ հոգիներին, որոնք ի զորու չեն կրել այս անցողիկ կյանքի փորձությունները, իսկ առավել ևս` կանգուն մնալ պատժի ծանրության տակ, որ նշանակվում են Քո արդարությամբ, որը բխում է Քո զայրույթից և կմնա հավիտյանս հավիտենից:
	Ես Քեզ աղերսում եմ Քեզանով, ո՜վ իմ Աստված, իմ Տեր ու իմ Տիրակալ, պաշտպանիր ինձ: Ես փախչեցի Քո արդարությունից դեպի Քո գթասրտությունը: Իմ փրկության համար ես միայն Քեզ եմ փնտրում ու նրանց, ովքեր ոչ մի ակնթարթ չշեղվեցին Քո ուղուց` նրանց, հանուն ում Դու ստեղծեցիր արարումն` ի նշան Քո վերին օգնության և առատաձեռնության:

-The Báb
-----------------------

